Հայաստանը պարտավոր է պահանջել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ. Ստեփան Գրիգորյան
Իրավիճակի լարման դեպքում, եթե Մինսկի խումբը դանդաղ է աշխատում, միջազգային մյուս կառույցները դանդաղ են աշխատում, իսկ Ռուսաստանն օպերատիվ է աշխատում, ապա ՌԴ-ի համար լուրջ շանս է բացվում՝ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը ռուսական ձևով՝ ռուսական խաղաղապահներ տեղակայելով: Այս մասին հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով սահմանի իրավիճակի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքին:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ի կողմից արձագանքը պետք է լինի ավելի կոշտ: «Ինձ թվում է, որ ԱՄՆ-ն վաղը կարձագանքի, որովհետև հիմա այնտեղ գիշեր է»,- կատակեց նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդագրություններով և հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել:
Իսկ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
Աղասի Ենոքյանը նկատեց, որ ներկայումս կա ոչ թե խաղաղության, այլ հրադադարի պայմանագիր: «Հիմա տարածաշրջանի ճարտարապետությունը էապես փոխվել է: Առաջ արտաքին խաղացողների միջև ևս հաստատվել էր որոշակի ստատուս քվո և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստատուս քվոն պայմանավորված էր նաև դրանով: Մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը և Հայաստանը խիստ խոցելի են արտաքին ազդակների նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ մեր հիմնական խնդիրը խաղաղության հաստատումը պետք է լինի: Ըստ նրա՝ այս գործողությունները կտևեն առավելագույնը մեկ շաբաթից տասն օր, թեև չբացառեց, որ հենց վաղն էլ դադարեն: Նա կարծում է, որ կլինի ինտեսիվ և ակտիվ ճնշումներ կողմերի վրա, որպեսզի խաղաղություն հաստատվի:
«Գլոբալիզացիա և տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը սահմանի լարվածության վերաբերյալ Եվրոպայի պասիվությունը հեգնանքով պայմանավորեց ոչ աշխատանքային օրվա հետ:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի արձագանքին, նա ասաց. «Կարծում եմ, որ նրանք մեկ պատճառով արձագանքեցին, որ անցած անգամ երբ չարձագանքեցին, շատ մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանում: Հայաստանը պարտավոր է պահանջել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ»:
Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ ստատուս քվոն կարճաժամկետ առումով է ձեռնտու: Ըստ նրա հայկական կողմը պետք է նշի, որ պատրաստ է բանակցությունների, թեև չի ընդունում վերջնագրեր:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը ևս անդրադառնալով Ռուսաստանի արձագանքին, նշեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս, որպես երկիր, որն ունի առաջնային հետաքրքրություն այս տարածաշրջանում և ելնելով այս ամենից՝ զարմանալի չհամարեց, որ առաջինն են արձագանքել:
Ինչ վերաբերում է ստատուս քվոյի պահպանմանը՝ ապա քաղաքագետն ասաց. «Ստատուս քվոն երևի հանդես է գալիս, որպես երկրորդ լավագույն լուծումը, բայց ոչ թե այն լուծումը, որը ձեռնտու է բոլորին, ինչ-որ իմաստով այն ձեռնտու չէ ոչ մեկին: Ստատուս քվոն լավ է այդքանով, ինչքանով այն չի թողնում, որ տեղի ունենա լայնամասշտաբ ռազմական գործողություններ»:
Ըստ նրա երեքշաբթի օր Վիեննայում նախատեսած Մինսկի խմբի համանախագահների հանդիպման օրակարգը պետք է լինի Ալիևին զգուշացնելը, որ եթե չեն ցանկանում զրկվեն լրացուցիչ տարածքներից գնան խաղաղ բանակցային գործընթաց: Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխման վերաբերյալ հարցին, Ալեքսանդր Մարգարովն ասաց.«Այսօր միջազգային հանրությունը չի տեսնում այլընտրանք այն ձևաչափի, որն ընտրված է եղել 90-ականների սկզբներին»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք: Հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել է: ԼՂՀ ՊԲ-ն նաև հայտնաբերել ու ոչնչացրել ադրբեջանական դիվերսիոն խումբ:










