Շտայնմայերը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել մարտական գործողությունները
Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները պետք է դադարեցվեն հնարավորինս արագ: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով այժմ նաև ԵԱՀԿ գործող նախագահն է, գրում է ТАСС-ը:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և ամբողջությամբ հարգել հրադադարը»,- հայտարարել է նա:
«Այդ հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին վերադառնալու համար»,- ասել է գերմանական դիվանագիտության ղեկավարը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ և կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել հրադադարի խախտումները։










