Բորդյուժան բանակցություններ է անցկացրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ

15:40 • 02.04.16

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բանակցություններ է անցկացրել Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հետ, հաղորդում է Интерфакс-АВН-ն:

 

«Մասնավորապես՝ նա զրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ»,- Интерфакс-АВН-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ չնշելով բանակցությունների մանրամասները:

 

Ավելի վաղ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:

«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով: Այս դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրմանը»,- ասել է Զայնետդինովը:


Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ մշտական կապի մեջ են:

 

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։

Բորդյուժան բանակցություններ է անցկացրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ