Թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է ապակայունացման նոր օջախ ստեղծել. քաղաքագետ

13:49 • 02.04.16

 

Ադրբեջանն ինքնուրույն նման որոշում չէր կարող կայացնել և ես ավելի քան վստահ եմ, որ իրավիճակը սրելու, պատերազմ վերսկսելու փորձը քննարկվել և համաձայնեցվել է Ալիևի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ անդրադառնալով Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվող ռազմական բախումներին:

 

«Ըստ էության մենք տեսնում ենք, որ թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է ապակայունացման նոր օջախ ստեղծել՝ իհարկե զուգահեռ հույս ունենալով, որ կարող են պատերազմ վերսկսելու շանտաժի միջոցով իրենց համար որոշակի դրական արդյունքներ ստանան միջազգային հանրությունից»,-ասաց նա:
 

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 3 տանկ, 2 ռազմական ուղղաթիռ և 2 անօդաչու թռչող սարք: Հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են: ԼՂՀ ՊԲ–ն նաև հայտնաբերել ու ոչնչացրել ադրբեջանական դիվերսիոն խումբ:
 

Քաղաքագետը կարծում է, որ Ադրբեջանն այս պահն ընտրել է բացառապես ելնելով այն նկատառումից, որ ԱՄՆ-ում բավականին լուրջ իրադարձություններ է տեղի ունենում և բավական շատ երկրների ղեկավարներ կան: «Այսինքն՝ փորձում են հնարավորինս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել սահմանում ստեղծված իրավիճակի վրա»,-ասաց նա:

 

Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց. «Փաստ է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է Մինսկի խմբի բոլոր միջնորդություններից, նույնիսկ պաշտոնական մակարդակով համանախագահների չեն ընդունել: Կարծում եմ, որ Մինսկի խմբում ներգրաված  ղեկավարների գործելու ժամանակն է և հիմնական խնդիրը Ադրբեջանին զսպելը պետք է լինի»:
 

 

Թուրք-ադրբեջանական դաշինքը փորձում է ապակայունացման նոր օջախ ստեղծել. քաղաքագետ