ԼՂ շուրջ լարվածությունը կարող էին սրել Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևում են ՌԴ-ի և Թուրքիայի միջև կոնֆլիկտի զարգացմանը. Газета
Նախևառաջ, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող էին սրել Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտի զարգացմանը. Լեռնային Ղարաբաղում վերսկսված մարտական գործողությունների վերաբերյալ հոդվածում գրում է gazeta.ru-ն՝ մեջբերելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևվսկու խոսքերը։
«Թուրքիան Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցն է։ Եվ նրանց փոխհարաբերություններն է՛լ ավելի սերտ են դարձել Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների սառչելուց հետո»,- gazeta.ru-ին հայտնել է Վիկտոր Նադեին-Ռաևվսկին:
«Եվ Ադրբեջանին, իհարկե, ձեռնտու չէ, որ այդ սառած հարաբերությունները դադարեն»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։










