Անընդունելի են ռազմական գործողությունները խաղաղ բնակիչների և, հատկապես երեխաների նկատմամբ. ՄԻՊ գրասենյակ

16:22 • 02.04.16

Հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախապատրաստվում են հիմքեր հայկական խաղաղ բնակավայրերի և, հատկապես, երեխաների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակումների կապակցությամբ միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական հաղորդակցության համար: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ ավելացնելով, որ այս կապակցությամբ տարվում է ակտիվ աշխատանք:


«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների հետ՝ հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական թիրախավորված հարձակողական գործողությունները նրանց ուշադրությանը ներկայացնելու և քննարկման հարց դարձնելու համար: Դրանք անդառնալի հետևանքներ առաջացնող հանցավոր ոտնձգություններ են մարդու բոլոր իրավունքների նկատմամբ: Առանձնապես անընդունելի են ռազմական գործողությունները խաղաղ բնակիչների և, հատկապես, մանկական կրթական հաստատությունների ու երեխաների նկատմամբ:


Մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ հատուկ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ներկայում մանրամասն ուսումնասիրում է բոլոր տվյալները՝ միջազգային կազմակերպությունների հետ համապատասխան պաշտոնական հաղորդակցություն սկսելու և հայկական խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական անթույլատրելի գործողությունների վերաբերյալ հավաստի հիմքեր ներկայացնելու համար: Աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերներին ներկայացվելիք առաջարկներ ձևավորելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

Անընդունելի են ռազմական գործողությունները խաղաղ բնակիչների և, հատկապես երեխաների նկատմամբ. ՄԻՊ գրասենյակ