Մոգերինին կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել հրադադարի խախտումները
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ և կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել հրադադարի խախտումները։ Այդ մասին ասված է արտաքին քաղաքական գործունեության եվրոպական ծառայության կայքում տեղադրված նրա հայտարարությունում:
«Շփման գծի երկայնքով մարտերի մասին հաղորդագրությունները խոր մտահոգություն են առաջացնում: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել մարտական գործողությունները և պահպանել հրադադարը: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել»,- հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ցավում է զոհերի համար, մասնավորապես՝ խաղաղ բնակչության շրջանում:
«ԵՄ-ն ամբողջապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների ջանքերին։ Մենք ակնկալում ենք, որ կողմերը խստորեն կպահպանեն հրադադարը, կխուսափեն ուժի գործադրումից և կվերսկսեն ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասված է կոմյունիկեում:










