Է. Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ՄԽ համանախագահների, Կասպրչիկի հետ

15:27 • 02.04.16

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

 

«Իրավիճակի սրման հետ կապված՝ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ՄԽ համանախագահների, Կասպրչիկի հետ»,- գրել է Տիգրան Բալայանը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից բռնության վերջին դեպքերին:


«Ըստ երևույթին՝ Բաքուն ավելացնում է լարվածությունը՝ ԼՂ հարցում ոչ կառուցողական կեցվածքի և մարդու իրավունքների խախտումների հարցում միջազգային հանրության աճող քննադատությունների ներքո»,-գրել է Տիգրան Բալայանը:
 

Նա նաև հայտնել է, որ գիշերն Ադրբեջանը հրետանային կրակ է բացել ու բռնություն է կիրառել շփման գծի ողջ երկայնքով։

 

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարքեր և տանկեր։
 

Է. Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ՄԽ համանախագահների, Կասպրչիկի հետ