Ադրբեջանը կրակը չի դադարեցրել, արկակոծում է Մարտակերտը. hակառակորդի 14 տանկ է խոցվել. panarmenian.net

15:34 • 03.04.16

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը կրակը միակողմանի դադարեցնելու մասին իրականությանը չի համապատասխանում:

 

Այդ մասին PanARMENIAN.Net հետ զրույցում հայտարարեց ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ավելին, Հասրաթյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ապրիլի 3-ին՝ ժամը 13:55-ին տեղեկացրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:

 

Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ, ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն ապրիլի 3-ին կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:

 

Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:

 

Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 («Գրադ») հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով: