Վրաստանը, եթե դա հնարավոր է, պետք է միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտության հարցում. երկրի ԶՈՒ ԳՇ պետ

12:51 • 04.04.16

Վրաստանը, եթե դա հնարավոր է, պետք է Ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդի դեր խաղա։ Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, հաղորդում է Грузия Online-ը։

 

Ինչպես հայտնել է Կապանաձեն՝ Վրաստանն այն երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի հակամարտության երկու կողմերի հետ:

 

«Շատ ցավալի է, որ այդ խնդիրը մի շարք պատճառներով չի ստացվել լուծել խաղաղ ճանապարհով։ Դա ողջ տարածաշրջանի համար ցավալի գործընթաց է։ Մենք շատ սերտ կապեր ունենք Ադրբեջանում և Հայաստանում մեր գործընկերների հետ, մենք ստանում ենք ամբողջական տեղեկատվություն»,- հայտարարել է Կապանաձեն և հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի իրավիճակը փոխել խաղաղ փուլի և դադարեցնել կրակը:

 

Միևնույն ժամանակ, Կապանաձեն նշել է, որ հակամարտության կողմերը դեռ չեն դիմել Վրաստանին որևէ խնդրանքով, բայց իր խոսքով՝ երկու կողմերը փորձում են Թբիլիսիին առավելագույնս տեղեկացնել իրավիճակի մասին:

 

«Իհարկե, յուրաքանչյուր կողմ իր տեսակետն ունի: Մենք փորձում ենք մերը ձևավորել և ավելի օբյեկտիվ լինել գնահատականներում»,- նշել է Կապանաձեն:

Վրաստանը, եթե դա հնարավոր է, պետք է միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտության հարցում. երկրի ԶՈՒ ԳՇ պետ