Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ՝ մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

17:42 • 04.04.16

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման առնչությամբ և հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները շրջահայաց կգտնվեն, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Մենք անհանգստացած ենք, քանի որ զինված հակամարտությունը տեղի է ունենում Վրաստանի հարևանությամբ՝ երկու եղբայրական ժողովուրդների միջև: Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ՝ մենք խաղաղություն ենք ցանկանում Կովկասում, մեր երկրում, մեր հարևանների մոտ, և ցանկանում ենք նպաստել բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը: Այդ պատճառով ողջունում ենք այդ գործընթացում միջազգային հանրության ակտիվությունը: Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները շրջահայաց կգտնվեն»,- հայտարարել է Ուսուպաշվիլին երկուշաբթի օրը լրագրողներին:

 

Խոսնակը հույս է հայտնել, որ շուտով որոշում կկայացվի կրակի դադարեցման մասին։ Նրա խոսքով՝ Վրաստանը սերտ կապ է պահում Ղարաբաղյան հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։