Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը մտադիր է Լավրովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը
Գերմանիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հաղորդում է РИА Новости-ն:
«Շտայնմայերը պատրաստվում է այսօր՝ օրվա երկրորդ կեսին, հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի արտգործնախարարի հետ: Ինչպես մենք գիտենք ԶԼՄ-ներից՝ Ռուսաստանի նախագահը և ԱԳՆ-ն արդեն շաբաթ օրվանից միացել են հակամարտության կարգավորմանը և կապվել են հակամարտության կողմերի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով»,- ասել է Շեֆերը։
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։










