Եթե չկիրառվեն ադեկվատ միջոցներ, լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի. Մասիս Մայիլյան
Ադրբեջանը շարունակում է ռազմական ճնշման ճանապարհով միակողմանի զիջումների հասնել ԼՂ-ից: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողություններին, որոնց արդյունքում զոհեր կան:
«Քանի որ այդ փորձերը արդյունք չեն տալիս, սահմանին լարվածությունը, ճնշումը մեծանում է: Այս գիշեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնային դիրքերի և սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունների ինտենսիվությունն աննախադեպ է եղել ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թվականի մայիսին Հրադադարի համաձայնագրի ստորագրման պահից ի վեր»,- նշեց Մասիս Մայիլյանը:
Վերջինս նախազգուշացրեց. «Եթե չկիրառվեն ադեկվատ համապարփակ միջոցներ, ապա լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի՝ Հարավային Կովկասի և հարևան պետությունների համար անկանխատեսելի հետևանքներով: ԼՂ պետական մարմինները, այդ թվում՝ ԼՂ Զինված ուժերը, գործում են ադեկվատ ու համահունչ: Բաքուն պետք է ստանա հստակ և ոչ երկիմաստ ազդակներ ուժային կենտրոնների կողմից Ադրբեջանի ռազմական դիվանագիտության անհեռատեսության մասին»:










