ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելը նպատակահարմար չէ. Լավրով

14:53 • 04.04.16

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելը նպատակահարմար չէ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Լավրովը հավելել է, որ Մինսկի խմբի համանախագահների եռյակը խնդրի կարգավորման առավել կարևոր մեխանիզմն է, հաղորդում է РИА Новости-ն:

 

Նախարարը խոսել է ՄԽ համանախագահների աշխատանքը խաթարելու փորձերի մասին։

 

«Մենք կարող ենք փաստել, որ փորձեր են արվում նրանց կողմից, որոնց չեն բավարարում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնարար մոտեցումները։ Նույն տրամաբանությամբ ճիշտ կլինի չփորձել վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին և չփորձել նսեմացնել այդ դերը, այն աշխատանքները, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն, որոնք ձեռք են բերվել վերջին մոտ 10 տարիների ընթացքում կողմերի հետ շփումների միջոցով, որովհետև ցանկացած գաղափար՝ այդ ջանքերը համանախագահների ռուս-ամերիկա-ֆրանսիական աշխատանքի շրջանակներից դուրս բերելու վերաբերյալ, հավանաբար կօգտագործվի նրանց կողմից, ովքեր կցանկանային կարգավորման գործընթացը եթե ոչ ամբողջությամբ տապալել, ապա լրջորեն բարդացնել»,- ասել է Լավրովը:

 

Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելը նպատակահարմար չէ. Լավրով