Բոլոր վիրավորները մեր երկրի Նախագահին հայտնեցին, որ իրենք պարտադիր պետք է շարք վերադառնան. Մուրացան հոսպիտալի տնօրեն (տեսանյութ)
Պետք է ասեմ, որ մեր զինծառայող վիրավորների մարտական ոգին շատ բարձր է, և մեր երկրի ղեկավարությունը, որ այսպիսի ուշադրության կենտրոնում է պահում, նրանց մարտական ոգին առավել բարձրանում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահի՝ այսօր հոսպիտալ կատարած այցին:
«Բոլոր վիրավորները, բացի նրանից, ով արհեստական շնչառության տակ, բոլորը է մեր երկրի Նախագահին հայտնեցին, որ իրենք պարտադիր պետք է շարք վերադառնան և պարտադիր պետք է ավարտեն կիսատ գործը, որը սկսել են: Բոլորն էլ այդպես են տրամադրված»,-ասաց նա և նշեց, որ 12 վիրավորներից 11-ը այնպիսի հրազենային վնասվածք ունեն, որ կարող են ծառայությունը շարունակել:
Հիշեցնենք, որ հոսպիտալում այս պահին գտնվում են Արցախում ադրբեջանական զինուժի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տարբեր տիպի վիրավորում ստացած 12 զինվորներ, որոնցից 2-ը բերվել են երեկ երեկոյան: Երկուսն էլ ունեն վերջույթների բեկորային վնասվածքներ, երեքը վերակենդանացման բաժանմունքում են, իսկ զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
«Մեզ մոտ տեղափոխվում են ըստ բժշկական ցուցումների և անհրաժեշտության։ Դրա հետ մեկտեղ մենք պետք է միշտ պատրաստ լինենք և բեռնաթափենք առաջնագծում գտնվող հոսպիտալները, որպեսզի իրենց ծանրաբեռնվածությունը թեթևացնենք»,-ասաց նա:










