Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկխոսության և փոխզիջման միջոցով. ՌԴ Պետդումայի խոսնակ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել երկխոսության և փոխզիջման միջոցով։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, հաղորդում է ТАСС-ը։
«Խաղաղության վերականգնումը հնարավոր է երկխոսության, փոխզիջման ճանապարհով, և հարկավոր է մշտապես երկու կողմերից հասնել այդ երկխոսությանն ու փոխզիջմանը»,- ընդգծել է խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նարիշկինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանն «այս շատ բարդ հակամարտության ողջ ընթացքում վարել է և շարունակում է վարել ինտենսիվ աշխատանք, նաև Մինսկի խմբում՝ այդ հակամարտությունը կարգավորելու նպատակով»։
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, գուցե ավելի, քան այլ երկրներ, շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմամբ»,- հավելել է Պետդումայի խոսնակը:
Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության և ԱԳՆ-ի ղեկավարները զրույցներ են ունեցել Հայաստանում և Ադրբեջանում իրենց գործընկերների հետ, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է արել ՌԴ նախագահը։










