Պանաման պատրաստ է համագործակցել օֆշորների գործի շրջանակում, որում շոշափվում է նաև Ալիևի անունը

10:45 • 04.04.16

Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել դատարանների հետ այն գործերի շրջանակում, որոնք կարող են հարուցվել Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի հրապարակման «հետքերով», որոնք օֆշորային ընկերությունների միջոցով իրականացված գործարքների մասին են, գրում է Associated Press-ը։

 

Նրա խոսքով՝ Պանամայի ղեկավարությունը չի հրաժարվի իր երկրի տնտեսական ոլորտում ցանկացած անօրինական գործունեության հանդեպ «զրոյական համբերատարության» քաղաքականությունից։ 

 

Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։

 

Ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

 

Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։ 

 

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

 

Պանաման պատրաստ է համագործակցել օֆշորների գործի շրջանակում, որում շոշափվում է նաև Ալիևի անունը