Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման մասին դեռ հայտնի չէ. Պեսկով
Կրեմլում չգիտեն՝ մոտ ապագայում կհանդիպե՞ն արդյոք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Դե, ես դեռ չեմ կարող պատասխանել, որովհետև դեռ որևէ համաձայնեցված համատեղ միջոցառում չկա։ Եվ իհարկե, դուք գիտեք, որ բարձրագույն մակարդակով հանդիպումներին նախորդում է աշխատանքային մակարդակով շատ լարված աշխատանք, ավելի ցածր՝ փորձագիտական մակարդակով, որովհետև բարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է շատ լավ պատրաստված լինի, փորձագիտական մակարդակով աշխատանքը, դուք գիտեք, այժմ շատ ակտիվ է տարվում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով նման հանդիպման հավանականության մասին հարցին։










