Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կողմերին տրամադրել միայն մարդասիրական օգնություն

17:24 • 04.04.16

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կողմերին տրամադրել բացառապես մարդասիրական օգնություն։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կոմիտեի մամուլի քարտուղար Ջենիֆեր Թոբիասը։

 

«Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ մարդասիրական հարցերով: Օրինակ՝ երկու կողմերի դիմումի և համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք օգնել զոհերի մարմինների և վիրավորների տեղափոխման հարցում։ ԿԽՄԿ-ի դերը որպես չեզոք միջնորդ ամրագրված է միջազգային մարդասիրական օրենսդրությունում»,- ասել է նա:

 

«Մեր դերը բացառապես մարդասիրական է։ ԿԽՄԿ-ն ներգրավված չէ խաղաղ բանակցությունների գործընթացում»,- ընդգծել է նա։

 

Թոբիասի խոսքով՝ ԿԽՄԿ-ն միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որ ներկա է վայրում, այդ պատճառով կոմիտեն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, և այժմ գնահատում է իր գործունեությունը տարածաշրջանում՝ բռնության սրման հետևանքներին լավագույնս արձագանքելու համար։

 

Բացի այդ, ինչպես հայտնել է լրատվամիջոցը, Ռուսական Կարմիր խաչի Մոսկվայի բաժանմունքը մտադիր է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար մարդասիրական օգնություն կազմակերպել։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կողմերին տրամադրել միայն մարդասիրական օգնություն