ՄԱԿ-ում հայտնել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը
ՄԱԿ-ում հայտնել են, որ անցած հանգստյան օրերին առնվազն 33 մարդ է զոհվել և ավելի քան 200-ը վիրավորվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի` հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալները։
«Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների տվյալների՝ առնվազն 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով։ Վիրավորների թիվը՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ` զինվորական, դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Համաձայն ոչ պաշտոնական աղբյուրների՝ այդ թիվը 200-ից ավելի է»,- ասվում է փաստաթղթում։
ՄԱԿ-ի` հումանիտար հարցերի համակարգման վարչությունը չունի տվյալներ ենթակառուցվածքների վնասման, ինչպես նաև քաղաքացիական անձանց տարհանման մասին:
«Երկու կառավարություններն էլ հայտարարել են, որ միջազգային հումանիտար օգնության կարիք չունեն»,- ասվում է զեկույցում:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։










