Պեդրո Ագրամունթը ԵԽԽՎ-ի ամոթն է. Սամվել Ֆարմանյանի հոդվածը՝ իսպանական լրատվամիջոցում

15:42 • 05.04.16

Իսպանական naiz.eus լրատվամիջոցում հրապարակվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանի հոդվածը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունթի հայտարարության վերաբերյալ՝ «Պեդրո Ագրամունթը ԵԽԽՎ-ի ամոթն է» վերտառությամբ։  

 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունթը հայտարարել էր, թե «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի»։

 

Սամվել Ֆարմանյանը գրում է, որ գրեթե երկու ամիս է անցել ԵԽԽՎ վերջին նիստից և ԼՂ խնդրի վերաբերյալ վիճելի զեկույցների մասին քննարկումներից։ Նա նշում է զեկույցների հեղինակների՝ Ռոբերտ Վոլտերի և Միլիցա Մարկովիչի՝ ապացուցված կողմնակալության և Ադրբեջանի հետ նրանց «ընկերության» հանրահայտ ապացույցների մասին։

 

«Վեհաժողովում զեկույցների դեմ հնչած ձայները հիմնված էին ենթադրության վրա, որ միակողմանի բանաձև հաստատելու ցանկացած փորձ կվնասի խաղաղության գործընթացին և Ադրբեջանի ղեկավարության համար որպես պատրվակ կծառայի Լեռնային Ղարաբաղի դեմ մեծածավալ ռազմական գործողություններ վերսկսելու համար՝ սպառնալով Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում փխրուն կայունությանը»,- գրում է պատգամավորը։

 

Սամվել Ֆարմանյանը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ում մտահոգություն է հայտնել այդ զեկույցների առնչությամբ և կանխատեսում էր իրադարձությունների նման զարգացում։

 

«Իմ մտահոգություններն իրականացան ԵԽԽՎ-ում քննարկումներից երկու ամիս անց»,- գրում է կառույցում հայկական պատվիրակության անդամը՝ նշելով, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է նախաձեռնել շփման գծի ողջ երկայնքով։

 

«Մինչ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանն ուղղված միջազգային հանրության ավելի ու ավելի հզոր և միանշանակ ուղերձը խաղաղության հույս է ներշնչում և շարունակում է մնալ իրավիճակի հետագա սրումից խուսափելու ամենաուժեղ մեխանիզմը, ԵԽԽՎ-ի վիճելի նախագահ Պեդրո Ագրամունթի միակողմանի և անպատասխանատու հռետորաբանությունը մտահոգության մեկ այլ աղբյուր է թվում, որը վնասում է իր գլխավորած ժողովրդավարության ինստիտուտի հեղինակությանը»,- գրում է նա:

 

Սամվել Ֆարմանյանը նշում է, որ «Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ-ի ավելի քան մեկ տասնամյակ շարունակ զեկուցողը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ կոռուպցիոն սկանդալների բերումով, և պարբերաբար հակասում է ինքն իրեն՝ ոչ միայն ցուցադրելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իր մշտական անտեղյակությունը, այլև իր ոչ կառուցողական և բացառապես վտանգավոր հռետորաբանությամբ», որով կոչ է անում Հայաստանին «դուրս բերել իր զորքերն Ադրբեջանի տարածքներից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն»՝ ակնհայտորեն ընդունելով Ադրբեջանի կողմն այս չափազանց փխրուն իրավիճակում»։

 

«Պարոն Ագրամունթի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է որպես ԵԽԽՎ նախագահ իր կողմնակալությունը և լրատվամիջոցներին առիթ է տալիս հաղորդելու Ադրբեջանի լոբբինգի կառույցներում իր ենթադրյալ ներգրավվածության մասին՝ լրջորեն վնաս հասցնելով Եվրոպայի խորհրդի վարկանիշին»,- գրում է Սամվել Ֆարմանյանը։

 

Պեդրո Ագրամունթը ԵԽԽՎ-ի ամոթն է. Սամվել Ֆարմանյանի հոդվածը՝ իսպանական լրատվամիջոցում