Սենատոր Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

11:00 • 05.04.16

ԱՄՆ Իլինոիս նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունների համար։

 

«Բաքվի ռազմատենչությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ և՛ քաղաքացիական, և՛ ռազմական։ Ես լրջորեն դատապարտում եմ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այս բռնությունը հրահրելու համար, և կոչ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել իր ագրեսիվ ռազմական հարձակումը»,- ասված է սենատորի հայտարարությունում։

 

Քըրքը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղարությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկել բռնության համար և աջակցել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի ներկայացրած՝ խաղաղությանն ուղղված քայլերի իրականացմանը։ Դրանք ներառում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներ։