Դատապարտող կոչեր անելու փոխարեն, եկեք Արցախ և ամեն ինչ ձեր աչքերով տեսեք` ով է խախտում. Թևան Պողոսյան (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ադրբեջանաղարաբաղյան շփման գծում պատերազմական իրավիճակի կապակցությամբ ամենատարբեր մակարդակներով միջազգային տարբեր կառույցների,կազմակերպությունների, անհատներ, քաղաքական գործիչների, նախարարների`ոչ հասցեական ու դատապարտող հայտարարություններին:
Մեջբերելով հայտնի ասացվածքը, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան յոթ անգամ լսել, Թևան Պողոսյանն ասաց. «Նրանք պետք է հասկանան, որ նման հայտարարություններն այլևս չեն աշխատում և ամեն ոք, որը նման հայտարարություն է անում, պետք է իր սեփական աչքով տեսնի: Մենք մի լավ ասացվածք ունենք` ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան յոթ անգամ լսել: Եվ իմ խորհուրդն է, որ այն մարդիկ, որոնք ունեն տարածաշրջանը խաղաղ և կայուն տեսնելու ցանկություն, գան Ղարաբաղ, եկեք և տեսեք` ինչ է կատարվում»:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտը ռմբակոծելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարություններին, ապա պատգամավորն ասաց. «Ակնհայտ է, որ նման հայտարարություններ անողներն իրապես կորցրել են իրականության զգացումը»։
Ըստ Թևան Պողոսյանի, բացի այն, որ միջազգային հանրության արձագանքը նման պարագայում անասելի խիստ է լինելու, պատգամավորը նշեց, որ այդ դեպքում Ադրբեջանը հզորագույն հակահարված է ստանալու, ավելին` դադարելու է գոյություն ունենալ որպես պետություն:










