Նաև Ալիևի կողմից փողերի լվացման բերումով հայտնի Mossack Fonseca-ի տվյալների բազան կոտրել են հաքերները. Ռամոն Ֆոնսեկա

10:37 • 06.04.16

Պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության համահիմնադիր, փաստաբան Ռամոն Ֆոնսեկան հայտնել է, որ ընկերության գործունեության վերաբերյալ փաստաթղթերը ձեռք են բերվել հաքերային հարձակման հետևանքով, այլ ոչ թե տրամադրվել են ընկերության աշխատակիցների կողմից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Ֆոնսեկան նշել է, որ արդեն դիմում է գրել Պանամայի դատախազություն` փաստաթղթերի գողության փաստի առնչությամբ։

 

Փաստաբանը նշել է նաև, որ իր ընկերությունը «երբեք չի զբաղվել որևէ փաստաբանական փաստաթղթերի ոչնչացմամբ, չի խախտել օրենքները, չի օգնել խուսափել հարկերից կամ փողերի լվացման հարցում և իր ամբողջ աշխատանքը եղել է օրինական»։

 

Ֆոնսեկան նշել է, որ հաքերային հարձակումը կատարվել է արտասահմանյան սերվերներից։

 

Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։


Ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։
 

 

Նաև Ալիևի կողմից փողերի լվացման բերումով հայտնի Mossack Fonseca-ի տվյալների բազան կոտրել են հաքերները. Ռամոն Ֆոնսեկա