Անկարան Ադրբեջանին պատերազմի չի դրդում. Չավուշօղլու

10:57 • 06.04.16

Այն, որ Թուրքիան պատրաստ է օգնել Ադրբեջանին, չի նշանակում, որ Անկարան Բաքվին պատերազմի է դրդում. ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

Նա այդ մասին հայտնել է Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպման ընթացքում։

 

«Թուրքիայի հայտարարություններն այն մասին, որ աջակցում է Ադրբեջանին՝ անհրաժեշտության դեպքում, չի նշանակում, որ Անկարան Բաքվին պատերազմի է դրդում... Մենք, իհարկե, ցավակցում ենք եղբայրական Ադրբեջանին՝ զինվորների զոհվելու կապակցությամբ։ Անհրաժեշտության պահին Ադրբեջանի կողքին լինելը նրան պատերազմի դրդել չի նշանակում»,-ասել է նա։

 

Չավուշօղլուն քննադատել է իրանական լրատվամիջոցներին, որոնք գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է պատերազմ սադրում Լեռնային Ղարաբաղում։

 

«Մեզ հիասթափեցնում են նման մեկնաբանությունները եղբայրական ու բարեկամական երկրի կողմից։ Դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Մենք միշտ հստակ դիրքորոշում ենք ունեցել այդ հարցում»,-ասել է նա։

Անկարան Ադրբեջանին պատերազմի չի դրդում. Չավուշօղլու