Իսլանդիայի վարչապետը հրաժարական է տվել Mossack Fonseca-ի հետ կապված օֆշորային սկանդալի պատճառով (տեսանյութ)
Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնը դարձել է օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առաջին խոշոր «զոհը»։
Ինչպես նշում է The Guardian-ն, վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել ու թողել իր զբաղեցրած պաշտոնը, քանի որ հանրությանը հայտնի է դարձել Գյունլեյգսոնի ու նրա ընտանիքի անդամների օֆշորային գաղտնի հաշիվների մասին:
Սկանդալային բացահայտումներից հետո մայրաքաղաք Ռեյկյավիկում կազմակերպվել են զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պահանջել են ոչ միայն վարչապետի, այլև կառավարության հրաժարականն ու խորհրդարանի լուծարումը։
Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։
Ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:
Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։
Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։










