ԻՊ-ը դեռ ունակ է խոշոր ահաբեկչություններ իրականացնել. Բարաք Օբամա

10:14 • 06.04.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է զիջել իր դիրքերն Իրաքում և Սիրիայում, սակայն շարունակում է լուրջ սպառնալիք հանդիսանալ և ունակ է խոշոր ահաբեկչական հարձակումներ իրականացնել այլ երկրներում։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
 

«Մենք նրանց կսեղմենք և կոչնչացնենք»,- ասել է պետության ղեկավարն ԻՊ-ի գրոհայինների մասին` ընդգծելով, որ այդ խմբավորման չեզոքացումն իր գերագույն առաջնահերթությունն է:

 

Նախագահը հայտարարել է, որ չի կարելի այլևս հանդուրժել իսլամիստների վերահսկողությունը սիրիական և իրաքյան խոշոր քաղաքներում, այդ թվում` Ռաքքայում և Մոսուլում, և միջազգային կոալիցիան շարունակում է ակտիվացնել իր արշավն ընդդեմ ԻՊ-ի։


Միևնույն ժամանակ, Օբաման նշել է, որ խմբավորումը թուլացել է և կորուստներ է կրում, սակայն շարունակում է լուրջ ահաբեկչական հարձակումների իրականացման հնարավորություն ունենալ, ինչպես դա եղավ Բելգիայում և Թուրքիայում։


«Դա կլինի, ինչպես և նախկինում, ծանր պայքար, սակայն ես լիովին վստահ եմ, որ ԻՊ-ը պարտություն կկրի, իսկ մենք կհաղթենք»,- ասել է Օբաման:

 

ԻՊ-ը դեռ ունակ է խոշոր ահաբեկչություններ իրականացնել. Բարաք Օբամա