Ադրբեջանի զինվորները հանցավոր արարքներ են թույլ է տվել ու քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն. Կ. Նահապետյան

16:49 • 06.04.16

Թույլ է տրվել հանցավոր արարքներ և քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն մեղավոր անձինք. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի բանակի զինծառայողների կողմից հանցագործությունների փաստի առթիվ միջազգային դատարան դիմելու քրեական գործին:


«ՀՀ-ի և ԼՂՀ-ի իրավապահ մարմինները ձեռնարկել են համարժեք միջոցներ, քրեական գործեր են հարուցվել, կատարվել է նախաքննություն, հետագա ընթացքն արդեն կորոշվի»,-ասաց նա:


Հարցին, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել երեկ ՀՀ-ի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերի հանդիպմանը՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, թե  կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն է ձեռք  բերվել: Իսկ թե ինչու ԼՂՀ-ն որպես անմիջական կողմ չի մասնակցել այդ հանդիպմանը՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Սա մի ձևաչափ է, որի նախաձեռնողը նպատակահարմար է գտել հրավիրել երկու պետությունների ԶՈՒ շտաբի պետերին: Բայց դրանից չպետք է հետևություն անենք, որ պարտավորված էին հրավիրել նաև ԼՂՀ պաշտպանական բանակի ներկայացուցիչներին»:


Կորյուն Նահապետյանը, սակայն, հավելեց, թե ԼՂՀ ներկայացուցիչները՝ որպես հակամարտության կողմ, պետք է ներգրավված լինեն բոլոր տեսակի քննարկումներին:
Իսկ թե արդյոք ՀՀ-ն պնդել է, որ ԼՂՀ ներկայացուցիչն էլ մասնակցի, նշեց, որ չի կարող ասել:


Հարցին, թե Ղարաբաղը կարող է վերադառնալ բանակցային սեղան, Կորյուն Նահապետյանը դրական պատասխանեց. «Մենք պետք է շահեկանորեն օգտվենք իրավիճակից և  բանակցային գործընթացում ամուր պահենք դիրքերը, որ պետք է ունենանք»: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի վաղվա հանդիպմանը, թե ինչ առաջարկներ են անելու, նշեց, պետք է  գործողություները նպատակային լինեն և հրադադարի ռեժիմի խախտման արձագանքման մեխանիզմ ձևավորվի:


Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն ռազմավարական դաշնակից ՌԴ-ից, ԱԺ պատգամավորը նշեց, թե ՌԴ-ի  հետ հարաբերությունները ՀՀ-ի անվտանգության համար առանցքային նշանակություն ունեն: «Այո, իսկապես մտահոգված ենք այն հայտարարություններով, երբ երկու կողմերին զսպվածության կոչ են անում, ակնկալում ենք առավել հասցեական և ճշգրիտ ներկայացվի իրավիճակը և  դատապարտի Ադրբեջանի ագրեսիան: Այս մասով մեր ակնկալիքը շատ է և հույս ունենք, որ առաջիկա  զարգացումներին ՌԴ-ն ավելի օբյեկտիվ կարտահայտի և  կգնահատի այն իրադրությանը, որն այսօր ունենք»:

 

Ադրբեջանի զինվորները հանցավոր արարքներ են թույլ է տվել ու քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն. Կ. Նահապետյան