Ադրբեջանից վտարված LifeNews-ի լրագրողներն այնտեղ աշխատել են իշխանությունների թույլտվությամբ
Ռուսական LifeNews հեռուստաալիքից հայտնել են, որ իրենց լրագրողները, որոնց վտարել էին Ադրբեջանից, այդ երկրի տարածքում են գտնվել իշխանությունների թույլտվությամբ և իրադարձություններն օբյեկտիվ են լուսաբանել, գրում է Интерфакс-ը:
«Մեր հասցեին քննադատություններ են հնչել, թե Life-ը չի ունեցել հավատարմագրություն: Սակայն կա նամակագրություն տեղի ԱԳՆ-ի հետ, տեղի ԱԳՆ ներկայացուցիչների հետ շփում, այդ ամենը կա: Եվ կա պաշտոնական պատասխանը` «Կարելի է աշխատել», և նրանց ուղեկցությունը: Լրագրողներն այնտեղ աշխատել են 2 օր իրենց իսկ թույլտվությամբ և ուղեկցությամբ»,- ասվում է հեռուստաընկերության ներկայացուցիչ Անատոլի Սուլեյմանովի հայտարարությունում:
Նրա խոսքով՝ նկարահանող խումբը երկրի սահմանամերձ շրջաններից տեղեկությունը փոխանցել է «հավասարաչափ օբյեկտիվ՝ ինչպես Հայաստանի կողմից, այնպես էլ Ադրբեջանի»։
«Դուք կարծում եք` մենք հենց այնպես կարո՞ղ էինք հայտնվել այնտեղ և աշխատել 2 օր: Մի՞թե դա հնարավոր է»,- ասվում է փաստաթղթում։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վտարել են Ադրբեջանից։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ իրենց նյութերում «LifeNews-ը խեղաթյուրել է իրականությունը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական սահմանամերձ շրջաններ այցելած LifeNews հեռուստաալիքի լրագրողն իր ռեպորտաժում հայտնել էր, որ մարդիկ վախեցած են և զանգվածաբար լքում են իրենց տները։










