Պանամական Mossack Fonseca-ն օգնել է ստեղծել 240.000 կեղծ ընկերություն, այդ թվում` Ալիևի ընտանիքի համար. The Wall Street Journal
Պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերությունը, որի գործունեության մասին տեղեկություն է հրապարակել Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) և որը տեղակայված է Վաշինգտոնում, օգնել է ստեղծել 240.000 կեղծ «մեկօրյա ընկերություններ», գրում է The Wall Street Journal-ը։
«Այդ ընկերությունը գաղտնի փաստաբանական ընկերության համբավ ունի, որը, ինչպես պարզվել է, լավագույնն է նման բիզնեսում` կեղծ ընկերությունների ցանցի ստեղծման գործում: Սեփական հաշվարկներով` այդ ընկերությանը հաջողվել է հիմնել մոտ 240.000 նման կառույց ամբողջ աշխարհում»,- ասվում է հոդվածում:
Ըստ պարբերականի տվյալների` Mossack Fonseca-ն սկսել է աշխատել տվյալ ուղղությամբ 1986-ից, երբ ծագումով գերմանացի Յուրգեն Մոսակը, ով Պանամա է ժամանել դեռևս մանուկ հասակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իր ընկերությունը միավորել է փաստաբան Ռամոն Ֆոնսեկայի ընկերության հետ:
Նրանք երկուսն էլ ժամանակին սովորել և աշխատել են Լոնդոնում:
«Համարվում է, որ 2 տղամարդիկ էլ մեծ կապեր ունեն պանամական քաղաքականության փոքր աշխարհում: Մինչ վերջերս Ֆոնսեկան եղել է նախագահ Խուան Կառլոս Վարելայի խորհրդականը»,- գրում է թերթը։
Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։
Ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:
Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։
Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։










