Ակնհայտ է, թե ով է սկսել` նրանք, ովքեր պարտվել են նախորդ պատերազմում. «Коммерсантъ»-ի միջազգային թղթակից (տեսանյութ)

10:51 • 07.04.16

Ադրբեջանը շահագրգռված է, որ աշխարհը չսովորի Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավիճակին, այդ պատճառով պարբերաբար լինելու են նոր պոռթկումներ։ Այդ մասին հայտարարել է «Коммерсантъ»-ի միջազգային թղթակից Մաքսիմ Յուսինը ռուսական Առաջին ալիքի «Политика» հաղորդման ժամանակ:

 

«Ակնհայտ է, թե ով է սկսել (հարձակումները)։ Բնականաբար, սկսել են նրանք, ովքեր շահագրգռված չեն ստատուս քվոյի պահպանման հարցում։ Բնականաբար, սկսել են նրանք, ովքեր պարտվել են նախորդ պատերազմում։ Մենք նույնպես գուցե նրանց տեղը լինելու դեպքում կսկսեինք, բայց մենք, փառք Աստծո, պատերազմները նման ձևով չենք պարտվում։ Ադրբեջանը շահագրգռված է, որ աշխարհը չսովորի Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության կարգավիճակին»,- ասել է նա:

 

«Մենք պետք է հասկանանք խնդիրների խորության աստիճանն այնտեղ: Ես վերջերս Բաքվում էի և շփվում էի մի ադեկվատ և խոհեմ մարդու հետ, ով ինձ ասաց՝ «ամենասարսափելին, որ տեղի է ունեցել այս 20 տարվա ընթացքում, դա հակառակորդի դեհումանիզացիան է»։ Անգամ 1990-ականներին, երբ նրանք իրար սպանում էին, այդ նույն բաքվեցու համար հայը դա հարևան մուտքից Վազգենն էր, դա տիկին Սուսաննան էր, որի հետ նա պարել է և գուցե նաև համբուրվել ավարտական խնջույքի ժամանակ։ Իսկ այժմ նրանք չեն տեսել ողջ հայի 20-ից ավելի տարի։ Դա իրական թշնամի է»,- իր խոսքում նշել է Յուսինը:

 

Նա հիշեցրել է նաև ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքը, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարել էր քնած հայ լեյտենանտին, և նշել է, թե ինչ ընդունելության է նա արժանացել Ադրբեջանում (արժանացել հերոսի կոչման- Խմբ.)։ 

«Մենք պետք է հասկանանք, որ այնտեղ ատելության մակարդակը հսկայական է»,- ասել է նա: 

 

Այդ հատվածը կարող եք դիտել 29-րդ րոպեից. 

 

Ակնհայտ է, թե ով է սկսել` նրանք, ովքեր պարտվել են նախորդ պատերազմում. «Коммерсантъ»-ի միջազգային թղթակից (տեսանյութ)