Մարտական տրամադրությունը համակել է հայերին. BBC-ի ռեպորտաժը (տեսանյութ)

16:09 • 07.04.16

Ստեփանակերտի կենտրոնական հրապարակն ակտիվ կենտրոնի է վերածվել շփման գծում չորս օր տևած բախումներից հետո, ինչը բնորոշ չէ Լեռնային Ղարաբաղի հանգիստ մայրաքաղաքին, հայտնում է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի թղթակիցը։

 

Արցախի ազատամարտիկների միության շենքի բակում հավաքված քաղաքացիական անձինք, զինվորական համազգեստով տղամարդիկ, Հայաստանի տարբեր հատվածներից մարդասիրական օգնություն հասցնող բեռնատարներ, ինչպես նաև՝ լրագրողներ, պատմում է լրատվամիջոցի թղթակիցը։

 

Նա պատմում է, որ մոտեցել է մի կնոջ, ով էմոցիոնալ հեռախոսազրույց է վարել առաջնագծում իր ուսանողներից մեկի հետ։

 

«Ես իմ ուսանողներին սովորեցնում էի, որ մարդիկ, ովքեր հեռացել են իրենց տներից 1990-ականներին, իրավունք ունեն վերադառնալու, բայց այսօր ես հրաժարվում եմ սեփական խոսքերիցս: Մենք այլևս ոչ ոքի չենք վստահում, մենք կարող ենք հույս դնել ինքներս մեզ վրա, այնտեղ կռվող երիտասարդ տղաների վրա»,- ասել է տեղի համալսարանի ուսանողական թատրոնի ղեկավար Ժաննա Գրիգորովան։

 

Ինչպես նշում է հեղինակը, հակամարտող կողմերը երեքշաբթի օրը հրադադար են հաստատել՝ Ադրբեջանի՝ Ստեփանակերտի վրա հարձակվել սպառնալուց ժամեր անց։ Նա նշում է, սակայն, որ հրադադարին զգուշորեն են վերաբերում։

 

Նա ներկայացնում է Արցախի ազատամարտիկների միության շենքում «Հայրենիք» կազմակերպության ղեկավար Խասնիկ Միքայելյանի ելույթը, ով ասել է, որ ղարաբաղցիները պատրաստ էին նրան, որ պատերազմը կարող է ամեն վայրկյան սկսվել, այնպես որ վերջին օրերի դեպքերն անակնկալ չէին իրենց համար։ Հակառակը՝ դրանք միավորեցին հայերին։

 

Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես է առաջացել հակամարտությունը և նշում, որ Հայաստանը, թեկուզեև պաշտոնապես չճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դարձել է նրա ֆինանսական և ռազմական հովանավորը։

 

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։

Մարտական տրամադրությունը համակել է հայերին. BBC-ի ռեպորտաժը (տեսանյութ)