ԵԱՀԿ-ն պետք է ԼՂՀ-ն կրկին ներառի բանակցային գործընթացում. ֆրանսիացի խորհրդարանականների նամակը

17:17 • 07.04.16

Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի մի խումբ անդամներ, այդ թվում՝ Վալերի Բուայեն, և քաղաքապետեր նամակ են ստորագրել՝ ԵԱՀԿ-ից պահանջելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կրկին ներառել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Նամակը հրապարակել է Le Monde լրատվամիջոցը։

 

Հեղինակները նշում են, որ արդեն վեց օր է, ինչ Հարավային Կովկասում իրավիճակը կրկին սրվել է։ Միջազգային անտարբերությունից խրախուսվելով՝ Ադրբեջանը փորձել է ուժով հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը։

 

Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը՝ մասնակի կրճատումներով.

 

«Հարկավոր է նշել, որ այս հարձակումը ոչնչի և ոչ մեկի չի ծառայել, քանի որ ուժերի հավասարակշռությունը և առաջնագիծն անփոփոխ են մնում։

 

Փաստ է, որ ղարաբաղցիները կրկին իրենց կյանքով են վճարել Բաքվի բռնակալի ռևանշիստական բնազդների համար. ռմբակոծության ենթարկվող քաղաքներ, դպրոցի բակում սպանված երեխա և հատուկ պատրաստված խմբերի կողմից խոշտանգված և սպանված խաղաղ բնակիչներ։

 

Հարկավոր է, որ այս նոր ագրեսիան դասեր տա։ Այլևս ո՞վ կհամարձակվի ղարաբաղցիներից պահանջել, որ նրանք ինտեգրվեն ռեժիմի, որը նրանց ֆիզիկական ոչնչացումն է ցանկանում։

 

Ղարաբաղցիների համար անկախությունը և հանրապետության հիմնումը երբեք ինքնանպատակ չի եղել, այլ միջոց, միջոց ապրելու խաղաղության և անվտանգության պայմաններում, միջոց կառուցելու ժողովրդավարական պետություն, որը կհարգի իր քաղաքացիներին, բաց կլինի աշխարհին և կնայի դեպի ապագան։

 

Ալիևների ընտանիքի համար, որոնց անունները պարբերաբար հայտնվում են արտահոսած տարբեր գաղտնի փաստաթղթերում, Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը լավ միջոց է մնում երկրի քաղաքացիների ուշադրությունը շեղելու համար։

 

Այս ամենին քաջատեղյակ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի»։

 

Հեղինակներն առաջարկում են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը զարգացնի հետագա բանակցություններն իրենց ներկայացրած առաջարկների հիման վրա, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն բանակցային գործընթացը:

 

Նախևառաջ հեղինակներն առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի Բաքուն դադարի օգտագործել չճանաչված լինելը բնակչության վրա հարձակվելու համար։

 

Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է կրկին նստի բանակցային սեղանի շուրջ։ 21-րդ դարում առանց շահագրգիռ կողմի բանակցություններ վարել ժողովրդի ճակատագրի մասին՝ լավագույն դեպքում անիմաստ պրակտիկա է։

 

Հեղինակներն, այդուհանդերձ, առաջարկում են վերադառնալ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը։

 

Եվ ի վերջո հարկավոր է կողմերից արդյունավետ միջոցներ պահանջել հրադադարը պահպանելու համար, միջոցներ, որոնք ընդունել են Երևանը և Ստեփանակերտը և որոնք միայն մերժում է Բաքուն:

 

«Այս կապակցությամբ և հաշվի առնելով տեղի ունեցած լուրջ դեպքերը՝ մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությանը հետաքննություն նախաձեռնել, որը կպարզի փաստերը։ Այդկերպ հնարավոր կլինի քաղաքական և իրավական պատժամիջոցների ռեժիմ սահմանել պատերազմ սանձազերծողների դեմ, ինչպես դա տեղի է ունենում աշխարհի տարբեր տարածաշրջանային հակամարտություններում»,- ասվում է նամակում։