Այս հարձակումն անփոփոխ թողեց ուժերի հարաբերակցությունը ճակատային գծում. Ֆրանսիացի սենատոր

15:43 • 07.04.16

Ֆրանսիայի Սենատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեն առանձնահատուկ մտահոգված է Հարավային Կովկասում մի քանի օր առաջ սկված նոր բռնկմամբ:


«Բոլոր կողմերին մարդկային կորուստներ տված այս հարձակումը ժամանակավոր հանդարտվել է երերուն հրադադարով: Այս պահին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը արտակարգ հանդիպումներ է նախաձեռնել հակամարտող կողմերի հետ, պետք է արձանագրել, որ այս հարձակումը, որը ցավոք բազմաթիվ ղարաբաղցի քաղաքացիական զոհեր տվեց, որևէ մեկին ծառայություն չմատուցեց՝ անփոփոխ թողնելով ուժերի հարաբերակցությունը ճակատային գծում»,- ասված է նրա հայտարարությունում:


Ժան Բիզեն ընգծում է Լեռնային Ղարաբաղի ստեղծման հիմնարար ոգին: «Ղարաբաղցիների համար անկախությունը և հանրապետության հիմնումը ոչ այլ ինչ է, քան խաղաղության մեջ և անվտանգ ապրելու միջոց, իր քաղաքացիներին հարգող, աշխարհին բաց և ապագային միտված ժողովրդավարական պետություն կառուցելու հնարավորություն»,– նշել է վերջինս:


Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է իր պատասխանատվությունը գիտակցի. «Բացի Մինսկի խմբից, անհրաժեշտ է, որ ողջ ԵԱՀԿ-ն իրոք իր վրա վերցնի այս հարցը՝ բանակցությունների նոր հիմքեր հաստատելու համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 20 տարուց ավել է, ինչ ապացուցում է իր կենսունակությունը և վստահելիությունը, վերջինիս ճանաչման և հետևաբար բանակցությունների սեղանի շուրջ ներկայության հարցը պետք է առաջխաղացում արձանագրի»,– հայտարարել է նա։


«Հարկավոր է կողմերին պարտավորեցնել հրադադարի ռեժիմի հարգման արդյունավետ մեխանիզմներ, մեխանիզմներ, որոնց արդեն իսկ համաձայնել են Երևանը և Ստեփանակերտը և միայն Բաքուն է որ ձգձգում է համաձայնությունը»,– ավելացրել է Ժան Բիզեն:


Ֆրանսիացի սենատորը կարևոր է համարում հիշեցնել, որ «հանդարտեցման կամքը և պատասխանատվության ոգին պետք է գերիշխեն ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ հարևան երկրների, ի մասնավորի՝ Թուրքիայի գործողություններում»:


 

 

Այս հարձակումն անփոփոխ թողեց ուժերի հարաբերակցությունը ճակատային գծում. Ֆրանսիացի սենատոր