Օֆշորային սկանդալից հետո Իսլանդիան նոր վարչապետ ունի

09:40 • 07.04.16

Օֆշորային հաշիվներին վերաբերող պանամական Mossack Fonseca ընկերության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետևանքով փողերի լվացման համար է մեղադրվել նաև Իսլանդիայի վարչապետ Սիգմունդյուր Դևիդ Գյունլեյգսոնը, ով ստիպված է եղել հրաժարական տալ:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, երկրի կառավարությունն արդեն նոր վարչապետ է նշանակել։ Պաշտոնը զբաղեցրել է Սիգուդյուր Ինգի Յոնասոնը, ով նախկինում եղել է գյուղատնտեսության նախարար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սկանդալային բացահայտումներից հետո իսլանդացիները պահանջել են ոչ միայն վարչապետի հրաժարականը, այլև` խորհրդարանի ցրումը: Սակայն Իսլանդիայի կառավարությունը որոշել է բավարարել քաղաքացիների պահանջի մի մասը` նշանակելով միայն նոր վարչապետ, իսկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեղափոխվել է աշուն:

 

Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։


Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:


Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։

 

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

Օֆշորային սկանդալից հետո Իսլանդիան նոր վարչապետ ունի