Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում դեռ հեռու է կայուն լինելուց. Պուտինի խոսնակ
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց։ Մոսկվան չի պատրաստվում դադարեցնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Անշուշտ, իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց, այդ պատճառով կանգ առնել ձեռք բերածի վրա ուղղակի անհնար է, և ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Նրա խոսքով՝ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ամենասկզբից ջանքեր է գործադրել դրա կարգավորման պայմանների ստեղծման ուղղությամբ։
«Ռուսաստանը, պահպանելով և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ բարի գործընկերային հարաբերությունները, օգտագործում է այդ բարի հարաբերություններն այդ պայմանները ստեղծելու համար՝ աշխատելով ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա ընդգծել է, որ մեծ օպերատիվ աշխատանք է իրականացվել ամենատարբեր մակարդակներով՝ կրակը դադարեցնելու նպատակով։
«Ռուսաստանի այդ ջանքերն արդեն նշվել են գործընթացի մասնակիցների կողմից: Իհարկե, Մոսկվան կշարունակի իր հետևողական գիծը»,- հավելել է Պեսկովը։










