Mossack Fonseca ընկերության փաստաթղթերի աղբյուրն անանուն մեկն է. The Washington Post
Պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը Sueddeutsche Zeitung գերմանական թերթի խմբագրությանն ուղարկվել են Ջոն Դոու կեղծանունով հանդես եկող անանուն մարդու կողմից (Ջոն Դոուն ավանդաբար ծառայում է մարդկանց նշելու համար, ում ինքնությունը հարկավոր է թաքցնել կամ ում անունը չի պարզվել), գրում է The Washington Post թերթը։
Գերմանական լրատվամիջոցի թղթակից Բաստիան Օբերմայերի խոսքով՝ նա ստացել է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրությունը. «Բարև ձեզ, Ջոն Դոուն է: Ձեզ հետաքրքրո՞ւմ է տեղեկատվությունը»։
Լրագրողն անմիջապես դրական է պատասխանել հարցին, ինչից հետո սկսվել է նյութերի փոխանցումը, որոնք պարունակել են սկանդալային տվյալներով 11,5 միլիոն փաստաթուղթ։
Ինչպես նշում է պարբերականը, գերմանական թերթի լրագրողների հետ նրա համագործակցությունը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ, բայց մինչև այժմ նրանք չեն կարող հասկանալ, թե ով է նրանց աղբյուրը և ինչու է նա կապվել իրենց հետ: Նրանք նշել են, որ ամեն ինչ կոդավորված է եղել, և աղբյուրը երբեք փոխհատուցում չի պահանջել տրամադրված տվյալների համար։
Գերմանական Sueddeutsche Zeitung-ն ավելի վաղ հրապարակել է Mossack Fonseca պանամական իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որոնք, ինչպես պնդում է թերթը, վկայում են օֆշորային սխեմաներին մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մերձավորների ներգրավվածության մասին։
Մասնավորապես՝ լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։ Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։










