Պանաման հատուկ հանձնաժողով է ստեղծում օֆշորային սկանդալի առնչությամբ
Պանամայի նախագահ Խուան Կառլոս Վարելան հինգշաբթի օրը հայտարարել է, այսպես կոչված, «պանամական թղթերի» հետ կապված սկանդալից հետո երկրի ֆինանսական քաղաքականությունն ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին, հաղորդում է РИА Новости-ն:
«Պանամայի կառավարությունն ԱԳՆ-ի միջոցով կստեղծի անկախ հանձնաժողով՝ ազգային և միջազգային փորձագետների մասնակցությամբ, որը կգնահատի մեր գործող ֆինանսական պրակտիկաները և կառաջարկի միջոցների կիրառում, որոնցով մենք կկիսվենք այլ երկրների հետ»,- ասել է Վարելան:
Պանամայի ֆինանսների նախարար Դուսիդիո դե լա Գուարդիան իր հերթին հայտնել է, որ այժմ իշխանությունները գնահատում են, թե ով կարող էր ընդգրկվել նման փորձագիտական հանձնաժողովում, և խոստովանել է, որ սկանդալը լուրջ վտանգ է հասցրել երկրի հեղինակությանը։
Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։
Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:
Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։
Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։










