Առանց ԼՂ լիարժեք ներգրավման ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ. Շավարշ Քոչարյան

13:39 • 07.04.16

Հանդիպումները ոչ միայն Բաքվում են նախատեսված, այլ նաև Հայաստանում, համանախագահները լինելու են նաև Ստեփանակերտում, և այդ բոլոր քննարկումների արդյունքը կիմանանք: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից այդ աննախադեպ քայլը, որը բերեց այս իրավիճակին, չի կարող չմտահոգել և չառաջացնել համապատասխան առնվազն քննարկումներ և քայլեր»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը հիշեցրեց, որ 2011 թվականին համանախագահ երկրների նախագահները արել են հայտարարություն, որտեղ բառացի ասել են, որ ժամանակին ուժի կիրառումն էր, որ բերեց ներկա իրավիճակին, և նոր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքներ, նոր ավերածություն և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:


«Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, հենց դա է, նոր ուժի կիրառում է։ Հիմա հայկական կողմերը պետք է աշխատեն և հասնեն նրան, որ լինի համապատասխան արձագանք: Բնական է, որ հարցադրումը շատ հստակ հնչելու է, որ առանց բանակցային գործընթացում ԼՂ լիարժեք ներգրավման, այն չի լինի արդյունավետ»,- ասաց նա:

Նա կոչ արեց առաջ չընկնել: «Մի բան ակնհայտ է, եթե խոսք կարող է գնալ բանակցային գործընթացի մասին, նախևառաջ պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի, իսկ նախորդ փորձը ցույց տվեց, որ այն միջոցները, որ դրա համար կիրառվում են, բավարար չեն»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով միջազգային արձագանքին, նշեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի համար ցանկալի կլիներ, որ այն ավելի հասցեագրված, ավելի հստակ լիներ:

«Ես նկատի ունեմ պաշտոնյաներին, կան մամուլի հրապարակումներ, որտեղ հստակ դատապարտվում է Ադրբեջանը, իսկ պաշտոնյաների կողմից, ցավոք սրտի, այդ հստակությունը չկա, և դա մտահոգիչ է, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք: Որովհետև առ այսօր այն հանգամանքը, որ այդ բոլոր հայտարարությունները չեն եղել հասցեագրված, հենց Ադրբեջանն ընկալել է քարտ բլանշ այս վերջին իրադարձություններն իրականացնելու համար»,-ասաց նա:

 

Առանց ԼՂ լիարժեք ներգրավման ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ. Շավարշ Քոչարյան