Եթե ԼՂ-ն և ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում կիրառեն նոր տեխնոլոգիաներ, Ադրբեջանից ոչինչ չի մնա. Արտակ Զաքարյան

15:12 • 08.04.16

Միջազգային կոչերն արդյունք չեն տալիս, որովհետև այն կրկին շարունակում է մնալ անհասցե և, ըստ էության, ոչինչ չասող, ցանկությունների մակարդակում: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր,  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, որ չնայած միջազգային կոչերին և պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը երեկ կրկին բազմիցս խախտել է հրադադարը, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն 2 փորձ և հետ շպրտվել:


«Մենք միշտ ասել ենք, որ պետք է լինի հասցեական դիրքորոշում: Ցավոք դա ոչ մի անգամ  չի եղել, անհասցե կոչեր, հայտարարություններ են արվել, որից Ադրբեջանն օգտվել է: Այս անգամ էլ Ադրբեջանը տեսնում է, որ ընդհուպ այս ուժգնությամբ զանգվածային խախտումների, խոշտանգումների և ագրեսիայի պարագայում էլ միջազգային հանրությունը շարունակում է անհասցե կոչեր անել, բնականաբար Ադրբեջանի ձեռքերը կրկին ազատվում են, հետևաբար խախտումները պայմանավորված են դրանով»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է նախագահի այն հայտարարությանը, որ մենք կռվում ենք հիմնականում 80-ականների զենքով, Արտակ Զաքարյանն արձագանքեց.«Նույնիսկ հին, 80-ականների զինատեսակներով Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջնագծին հնարավոր եղավ հետ մղել երեք օրերի ընթացքում Ադրբեջանի բանակի ուժգին հարձակումները, իսկ եթե Լեռնային Ղարաբաղը, առավելևս Հայաստանն անhրաժեշտության դեպքում կիրառի նոր տեխնոլոգիաներ, Ադրբեջանից ոչինչ չի մնա»- ասաց նա և նշեց, որ մենք նոր զինատեսակներ էլ ունենք, բայց չենք կիրառում:


«Մեր ամենամեծ հաջողությունը մարտական ոգին է և հասարակության միասնությունը, որը որ դրսևորվեց»,- ասաց նա:


Մասնավորապես Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ՝ Արտակ Զաքարյանն ասաց.«Մեր քաղաքական ղեկավարությունը ամենաբարձր մակարդակով մտահոգություն է հայտնել Ադրբեջանի սպառազինման վերաբերյալ, մտահոգություն է հայտնել բոլոր այն երկրների պարագայում, ովքեր որ սպառազինում են Ադրբեջանին, առավելևս, որ հստակ կան այն փաստերը, որ Ադրբեջանը շարունակաբար խախտել է հրադադարը՝ սպառնալիք հանդիսանալով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»:


Դիտարկմանը թե մտահոգություն հայտնելուն զուգահեռ նշել եք նաև, որ այդ զենքը ուղղված չէ մեզ և Ռուսաստանը բիզնես է իրականացնում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Դա միայն Ռուսաստանի դիրքորոշումն էր, մեր դիրքորոշումը միշտ եղել  է մտահոգող: Դա բիզնես եղել է այնքան ժամանակ, քանի դեռ այդ զենքերը լռում էին, բայց երբ որ ակնհայտ դարձավ, որ դրանք չեն լռում և Ադրբեջանն էլ անտեսում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կոչերը, հորդորները, հետևաբար այդ մտահոգությունը դառնում է խիստ տեղին:


Հարցին, թե Մեդվեդևի Երևան այցի ժամանակ հայկական կողմը չպե՞տք  է լուրջ դներ այդ հարցը, նա ասաց, որ հայկական կողմը բոլոր հարցերն էլ միշտ լուրջ է քննարկում և եթե արձագանքը հրապարակային չկա, դա չի նշանակում, որ արձագանք ընդհանրապես չկա: «Մեր նպատակն այն է, որ Ադրբեջանը, վերջապես, վերադառնա կառուցողական փուլ և դադարեցնի ռազմական գործողությունները, այլապես դա կարվի ուրիշ տարբերակով»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավմանը բանակցային գործընթացին, նա ասաց, որ ցանկացած պարագայում առանց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումների և առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտման ղարաբաղյան կոնֆլիկտը չի կարող լուծվել: Նա նաև հավելեց, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի:


 

Եթե ԼՂ-ն և ՀՀ-ն անհրաժեշտության դեպքում կիրառեն նոր տեխնոլոգիաներ, Ադրբեջանից ոչինչ չի մնա. Արտակ Զաքարյան