«Ալիև՝ մարդասպան», «Կանգնեցրեք Ղարաբաղի դեմ ագրեսիան». բողոքի ցույց Բեռլինում (լուսանկարներ, տեսանյութ)

16:59 • 08.04.16

 

Գերմանիայի Բեռլին քաղաքում արտգործնախարարության շենքի դիմաց այսօր՝ ապրիլի 8-ին, հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել: 

 

«Ալիև`մարդասպան», «Խաղաղություն Ղարաբաղում», «Մենք սիրում ենք Ղարաբաղը, իսկ դուք միայն պատերազմը», «Կանգնեցրեք Ղարաբաղի դեմ ագրեսիան», «Գերմանիա արթնացիր» ցուցապաստառներով  նրանք կոչ են արել քաղաքակիրթ աշխարհին և մասնավորապես Գերմանիային համարժեք արձագանքել և սաստել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի դրսևորած ագրեսիան:
 

Tert.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Լիլիթ Ուլուբյանը նշեց, որ հայերը Գերմանիայի տարբեր քաղաքներից եկել են մասնակցելու ցույցին: Նրանք թռուցիկներ են բաժանել անցորդներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի քրիստոնյա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի զինվորականների կատարած վայրագությունները և պահանջել չլռել:
 

Լիլիթ Ուլուբյանը նշեց, որ նաև նամակ են պատրաստել և հանձնել անձամբ Գերմանիայի արտգործնախարարին: «Նամակում պահանջում ենք, որ Ադրբեջանի ագրեսիան ի վերջո կանգնեցնեն, և մեր դժգոհությունը հայտնում, որ Թուրքիան Ադրբեջանին հրահրում է պատերազմի գնալ և օգնում դրանում: Նաև Ղարաբաղի ժողովրդի իրավունքների խնդիրն ենք բարձրաձայնում, որ ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, այնպես էլ արցախցին իրավունք ունի ապրել իր պատմական հայրենիքում»,-ասաց նա: 

 

Ի դեպ նա տեղեկացրեց, որ բողոքի ակցիային մասնակցում է նաև ԼՂՀ-ից ներկայացուցիչ, ով նույնպես մասնակցել է նամակի հանձնմանը:
 

Ակցիայից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Գերմանիայի Բունդեսթագ:   

 


 

«Ալիև՝ մարդասպան», «Կանգնեցրեք Ղարաբաղի դեմ ագրեսիան». բողոքի ցույց Բեռլինում (լուսանկարներ, տեսանյութ)