Ներգաղթյալներ տեղափոխող երկրորդ նավը Հունաստանից ուղևորվել է Թուրքիա` ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակում

12:10 • 08.04.16

Քառասունհինգ ներգաղթյալ տեղափոխող երկրորդ նավը դուրս է եկել հունական Լեսբոս կղզուց և ուղևորվել է Թուրքիա՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակում։ Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:

 

Լրատվամիջոցի տվյալներով՝ նավում գտնվող ներգաղթյալները ծնունդով Պակիստանից են։ Ինչպես նշում է գործակալությունը, ներգաղթյալներով մեկ այլ նավ պետք է Թուրքիա ուղևորվի ուրբաթ օրն ավելի ուշ։

 

Ապրիլի 4-ին հունական կղզիներից Թուրքիա են ժամանել առաջին 202 ներգաղթյալները։ Այդկերպ սկսվել է ներգաղթյալների և սիրիացի փախստականների փոխանակության վերաբերյալ Թուրքիայի և ԵՄ-ի համաձայնագրի փաստացի իրականացումը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանի Քիոս կղզում ապաստանած աֆղանստանցի ու սիրիացի փախստականները սպառնացել են Եվրոպական միության իշխանություններին, որ Թուրքիա արտաքսվելու դեպքում իրենք ինքնասպան կլինեն։