Անհրաժեշտ է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի դեռ այն չի պայթել. Թոմաս դե Վաալի հոդվածը

14:34 • 08.04.16

Շուրջ երեք տասնամյակ Հարավային Կովկասի լեռներում՝ Լեռնային Ղարաբաղ անունով հայտնի փոքր տարածքում, առկա է Եվրոպայի ամենավտանգավոր չլուծված հակամարտությունը, գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը The New York Times-ում՝ նկարագրելով հակամարտությունը և 1994 թվականին կնքված հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը։

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրկին բռնկվեց անցած հանգստյան օրերին։ Կարծես թե դրա կողմերից մեկը՝ ամենայն հավանականությամբ Ադրբեջանը, որոշեց տարածքային որոշակի փոփոխություններ կատարել»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ երկու կողմից տասնյակ զոհեր գրանցելուց հետո երեքշաբթի օրը հայտարարվեց հրադադար, որը կարող է ամեն պահի ձախողել։

 

«Իրավիճակն անկայուն է, և վտանգ կա, որ հակամարտությունը կարող է է՛լ ավելի սրվել, եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի այն»,- գրում է Թոմաս դե Վաալը։

 

Նոր լարված Ղարաբաղյան հակամարտությունը մղձավանջ է։ Հաշվի առնելով երկու կողմերի ունեցած նորագույն զենքերը՝ ամենայն հավանականությամբ տասնյակ հազարավոր երիտասարդներ կզոհվեն, գրում է հեղինակը։ Արդեն տարաձայնությունների մեջ գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի հետ համապատասխանաբար ռազմական պարտավորություններ ունեցող Ռուսաստանը և Թուրքիան կարող են ներքաշվել պատերազմի մեջ: Տարածաշրջանում պատերազմը կարող է նաև ապակայունացնել Վրաստանը, Իրանը և ռուսական Հյուսիսային Կովկասը: Վտանգի տակ կարող են հայտնվել նաև Կասպից ծովից գազի և նավթի խողովակաշարերը, հիշեցնում է հեղինակը։

 

Լեռնային Ղարաբաղում վիճակը հիմնականում հանգիստ է եղել՝ բացառությամբ որոշ ընդհարումների։ Միջազգային դիվանագետների մեծ մասը քիչ ուշադրություն է դարձնում այս հակամարտությանը՝ տպավորություն թողնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դժվարլուծելի է, բայց ոչ շատ վտանգավոր, ինչպես Կիպրոսը։ Միջազգային հանրության հույսը եղել է, որ խնդիրը կարելի է թողնել այդպես ու չմիջամտել:

 

«Այդ գիտակցումը վերջին շաբաթ հարվածի արժանացավ։ Ավելի քան 20 տարի անց ազգայնական ատելությունը չի նվազել։ Միևնույն ժամանակ, հակամարտությունն իր էությամբ վտանգավոր է դարձնում դրա հենց միայն աշխարհագրությունը»,- գրում է նա։

 

Հակամարտության արդարացի լուծումը կպահանջի երկու կողմերից փոխզիջումներ անելու և միասին ապրելու լուրջ հանձնառություն։

 

Դե Վաալը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ Ֆրանսիային, Ռուսաստանին և ԱՄՆ-ին, հակամարտությունը լուծել չկարողանալու համար։ Հեղինակը նշում է, որ դա նույնպես սխալ է՝ նշելով, որ չնայած տարիների ընթացքում ավելի շատ բան կարելի էր անել կարգավորման համար, բայց միջնորդների գործը միջնորդելն է՝ նրանք չեն կարող լուծել անհաշտ կողմերի կոնֆլիկտները:

 

Գայթակղություն է նաև Ռուսաստանին որպես իրական ոճրագործ համարելը։ Իհարկե, Կրեմլը դեր է խաղացել ԽՍՀՄ-ի փլուզումից առաջացած էթնիկ-տարածքային հակամարտությունները հմտորեն կառավարելու գործում և, բացի այդ, Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Բայց Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում շատ ավելի թույլ է, քան Վրաստանի սառած հակամարտության դեպքում, էլ չասած Ուկրաինան: Ռուսաստանը սահման չունի հակամարտության գոտու հետ, ինչպես նաև տարածքում չունի զորքեր և տարբեր ճանապարհներով աջակցում է երկու կողմերին: Նրա հնարավորությունը՝ կառավարելու, թե ինչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում, սահմանափակ է։

 

Եթե այս մռայլ պատկերում մի հույս կա, դա այն է, որ կա խաղաղ կարգավորման գործընթաց, թեկուզև՝ անկայուն: Հեղինակը նշում է, որ կա 2005 թվականին թվագրված խաղաղության պլան, որը խոստանում է երկու կողմերին նրանց հիմնական պահանջների իրագործում։ Հարավային Կովկասում, սակայն, բացակայում է քաղաքական կամքը՝ համաձայնել մի պլանի, որը ներառում է թշնամու հետ համաձայնության հաստատում։

 

Հեղինակը նշում է, որ կարգավորումը պահանջում է բարդ բազմազգ խաղաղապահ գործողություն և համակարգում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև, որոնք պետք է լինեն խաղաղության համաձայնագրի համատեղ երաշխավորողները: Դա մեծ մարտահրավեր է, բայց որն անհրաժեշտ է Կովկասում աղետաբեր նոր պատերազմի հեռանկարի ֆոնին: Գերտերությունները կարող են սկսել խաղաղության համաժողով հրավիրել Մինսկում, որն առաջին անգամ կոչ է արվել նախաձեռնել 1992 թվականին, բայց այդպես էլ անգամ փորձ չի արվել դա կազմակերպել։ Դա ուղերձ կհղեր, որ աշխարհն ի վերջո լուրջ է ընդունում այս հակամարտությունը, քանի դեռ ուշ չէ, գրում է հեղինակը։

 

Անհրաժեշտ է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, քանի դեռ այն չի պայթել. Թոմաս դե Վաալի հոդվածը