Պուտինն Ավտանգության խորհրդում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը

17:03 • 08.04.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

 

Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը։

 

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հակամարտության կարգավորման հարցը՝ այս օրերին ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև ներռուսաստանյան և միջազգային արդի հարցերին, տեղի է ունեցել ազգային գվարդիայի ձևավորման գործընթացի վերաբերյալ մանրամասն խոսակցություն»,- ասել է Պեսկովը։

 

 

Պուտինն Ավտանգության խորհրդում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը