Պալմիրայի բնակիչները կկարողանան քաղաք վերադառնալ ապրիլի 9-ից
Սիրիական Պալմիրայի բնակիչները կկարողանան իսլամիստ ահաբեկիչներից ազատագրված իրենց հարազատ քաղաքը վերադառնալ արդեն ապրիլի 9-ից։
Ինչպես հայտնում է ng.ru-ն՝ տեղի ԶԼՄ-ներին հղումով, հենց այդ օրն է Հոմսից Պալմիրա ուղևորվելու բնակիչներով առաջին ավտոբուսը։
Հիշեցնենք, որ պատմական Պալմիրան մարտի 27-ին ազատագրվել է սիրիական կառավարական բանակի կողմից։
Պալմիրայի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված 6 օբյեկտներից մեկն են։ Այն զինյալների վերահսկողության տակ էր հայտնվել անցյալ տարվա մայիսի կեսերին։ Քաղաքը թողնելուց առաջ սիրիական բանակը տարհանել էր դրա բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի թանկարժեք պատմական նմուշների մի մասը։










