Օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված պանամական ընկերությունում խուզարկություն է անցկացվել (լուսանկարներ)

12:29 • 09.04.16

Պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության գրասենյակում, որը տեղակայված է Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորում, խուզարկություն է անցկացվել, հայտնում է Reuters գործակալությունը։

 

Խուզարկության ընթացքին հետևել է Սալվադորի գլխավոր դատախազ Դուգլաս Մելենդեսը։ 

 

Առգրավվել է ընկերության 20 համակարգիչ, նաև հարցաքննվել է ընկերության 7 աշխատակից։

 

Նույն օրն ընկերության համահիմնադիր Ռամոն Ֆոնսեկան գերմանական Bild թերթին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր չէ դադարեցնել նախկին գործելաոճը և որ ինքն ու իր աշխատակիցները զբաղվում են նույն բանով, ինչ որ «հազարավոր իրավաբաններ ամբողջ աշխարհում»։

 

«Մենք ընկերություններ ենք հիմնում։ Դա լրիվ օրինական բիզնես է և նորմալ այն աշխարհում, որում այլևս ոչ ոք չի ցանկանում գործեր վարել իր սեփական անվան ներքո»,- ասել է Ֆոնսեկան։ Ըստ նրա՝ 40 տարվա ընթացքում Mossack Fonseca-ն հիմնել է 250.000 ընկերություն, որոնք «99.99 տոկոս դեպքերում օգտագործվել են լավ նպատակներով»։
 

Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։

 

Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

 

Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։

 

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

 

 

 


 

Օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված պանամական ընկերությունում խուզարկություն է անցկացվել (լուսանկարներ)