Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան. Ի. Պոպով

18:54 • 09.04.16

Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Այս մասին Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով այն հարցին, թե չէ՞ք կարծում, որ բանակցություններին առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը չի կարգավորվի:


«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Մենք ելնում ենք նրանից, որ հրադադար կնքելու փաստաթղթի մշակման շրջանակային փուլում կարող էր լինել հենման կետ»,- նշեց Պոպովը:


Հարցին՝ քննարկվո՞ւմ է արդյոք ԼՂ ստատուս քվոյի փոփոխության հարց, ռուս համանախագահը պատասխանեց. «Այս հարցը տվյալ փուլում բանակցությունների առարկա թեման է»:


ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրյուն էլ, պատասխանելով հարցին՝ Մինսկի խումբն իր համար ֆիքսե՞լ է՝ ով է աննախադեպ էսկալացիայի պատասխանատուն, նշեց, թե իրենք չունեն մանդատ պարզելու՝ ով է սկսել, ով չի սկսել:


«Մեզ համար կարևորն այն է, որ հրադադարը, որը ձեռք է բերվել Մոսկվայում, շարունակվի որքան հնարավոր է երկար ու սկսվեն քաղաքական բանակցություններ: Մեր աշխատանքի շարունակությունը հետաքննության մեխանիզմի տեղադրումն է, որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք»,- նշեց Պիեր Անդրյուն:

Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան. Ի. Պոպով