Հիրոշիմայում հանդիպել են G7-ի երկրների արտգործնախարարները

10:17 • 11.04.16

Ճապոնական Հիրոշիմա քաղաքում մեկնարկել է G7-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա հանդիպումը։

 

Ինչպես հայտնում է vesti.ru-ն, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Ճապոնիայի արտգործնախարարները, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ժամանել են 1945թ. ԱՄՆ-ի կողմից ատոմային ռմբակոծության ենթարկված քաղաքը` քննարկելու ահաբեկչության դեմ պայքարին, ծովագնացության անվտանգությանն ու միջուկային զինաթափմանն առնչվող հարցեր։

 

Բացի այդ, «յոթյակը» քննարկելու է Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Միևնույն ժամանակ, ճապոնական կողմը հույս է հայտնել, որ դիվանագետները կշոշափեն նաև Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի թեման:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քերին դարձել է ԱՄՆ-ի պետքարտուղարներից առաջինը, ով 1945թ. Միացյալ Նահանգների կողմից Հիրոշիմայի ատոմային ռմբակոծումից հետո այցելել է այդ քաղաքը։


Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ծաղիկներ է դրել միջուկային հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
 

Հիրոշիմայում հանդիպել են G7-ի երկրների արտգործնախարարները