Քանի դեռ չափազանց ուշ չէ. Էդուարդո Լորենցո Օչոայի անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը

14:01 • 11.04.16

Եվրոպայի պատմությունը կարդացող ապագա պատմաբանի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը հավանաբար ավելի մեծ սպառնալիք չպարունակի, որքան հիմա։

 

Լեռնային Ղարաբաղը ժամանակ առ ժամանակ հայտնվում է թերթերի էջերին։ Ցավոք, այդպես միշտ չի եղել, սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի և մեծապես զինված ադրբեջանական բանակի միջև այժմ բախումներ են տեղի ունենում, գրում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան Կենտրոնական և Արևելյան Եվրոպային նվիրված neweasterneurope.eu կայքում։

 

Ինչպես նշում է հեղինակը՝ Արևմուտքում Ղարաբաղը հաճախ արհեստականորեն ներկայացվել է որպես «ռուսական օգնությամբ հայկական ագրեսիա՝ ուղղված ադրբեջանական տարածքը գրավելուն», և ցավոք, Եվրոպայում ոմանք տրվում են դրան։

 

«Երբեմն մեզ ստիպում են արհեստական տարբերություններ դնել մեր սեփական արժեքների և ազգային շահերի միջև։ Գիտակցելով սկզբունքների կարևորությունը՝ մենք հպարտ ենք զգում, որ կարող ենք քննադատորեն քննել մեր անձը, վերաբերմունքը և ապրելակերպը, և մինչ սկզբունքներ ունենալն անհրաժեշտություն է՝ դոգմաների մեջ ընկնելը վտանգավոր է»,- գրում է նա։

 

«Մենք երբևէ փորձե՞լ ենք քննադատաբար վերաբերել մեր տված պիտակներին, ինչպես «անջատողականն է»։ Մեզանից մեկը հասկանո՞ւմ է, որ «անջատված» երկիրը կարող է ավելի կայուն և շատ ավելի ժողովրդավարական լինել, քան նախկին իշխանությունը», գրում է Օչոան։

 

Հեղինակը նշում է, որ այդպես է վարվում Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը Ղարաբաղին դասակարգում է որպես «մասամբ ազատ» երկիր՝ Ադրբեջանի համեմատ, որը «ոչ ազատ» երկիր է։

 

«Ապրիլի 2-5-ի ընթացքում տեղի ունեցածն ուղենիշ է այս հակամարտության նկատմամբ մեր վերաբերմունքի համար և կոտրել է մի քանի դոգմաներ, որոնք գերակայում էին Եվրոպայի քաղաքական դաշտում վերջին երկու տասնամյակի ընթացքում։ Միջազգային հանրությունն այս թվացյալ անլուծելի հակամարտությունից նախևառաջ հասկացավ այն, որ Ադրբեջանը շահագրգռված է ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- գրում է Օչոան։

 

Շատ միջազգային ճանաչված think tank-եր՝ «ուղեղային կենտրոններ», ինչպես «Միջազգային ճգնաժամային խումբը», «Chatham House»-ը, ինչպես նաև հեղինակավոր փորձագետներ, ինչպես Թոմաս դե Վաալն ու Վլադիմիր Կազիմիրովը, նշեցին, որ Բաքվի վարչակարգը շահագրգռված է պատերազմ սկսելու հարցում և այդ պատճառով պատասխանատու է հակամարտությունը վերսկսելու համար, գրում է նա։

 

Երկրորդ՝ Ադրբեջանի զորքերը պատերազմական հանցագործություններ են գործել՝ սպանելով 12-ամյա երեխայի և վիրավորելով երկու այլ քաղաքացու ղարաբաղյան Թալիշ գյուղի կարճատև գրավման ժամանակ։ Հեղինակը նշում է նաև տարեց զույգի սպանությունը և խոշտանգումը՝ նշելով, որ ականջներ կտրելն «Իսլամական պետությանը» բնորոշ ոճ է։

 

Հեղինակը նշում է, որ կարևոր է, որ միջազգային հանրությունը սկսեց տարբերակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայաստանը։ Օչոան հիշեցնում է, որ միջազգային մեդիա հսկա CNN-ը հարցազրույց է վերցրել ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանից և Ադրբեջանի արտգործնախարարից, իսկ Al Jazeera-ն և France24-ը մեկնաբանություններ են խնդրել համապատասխանաբար ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ԼՂՀ պատվիրակներից։ Նա հիշեցնում է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի ուղերձը, որտեղ ընդգծվում էր նաև ինքնորոշման սկզբունքը, և նշում է, որ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի ավելի ու ավելի բռնակալ իշխանության ձևը, երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակը, կոռուպցիան և օֆշորային սկանդալները, ինչպես ցույց են տվել «պանամական փաստաթղթերը»։

 

Հեղինակի խոսքով՝ միջազգային հանրությունն աստիճանաբար ստանում է նաև այս փոքր պատերազմից ամենակարևոր ուղերձը։ Միջազգային հանրությունը պետք է գործի անցնի, քանի դեռ չափազանց ուշ չէ։

 

«Ադրբեջանի հարձակումները քաղաքացիական բնակչության վրա պարզ ցույց են տալիս Ղարաբաղի ժողովրդին իր հողից ջնջելու մտադրությունը»,- գրում է նա՝ հավելելով, որ Թուրքիան իր հերթին, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խրախուսում է Ադրբեջանին լուծել իր սեփական «Հայկական հարցը»։ ԵՄ թեկնածու երկիրը, որը կարող էր կայունացնող դեր խաղալ իր տարածաշրջանում, ամեն կերպ օգնում է Ադրբեջանին իր հակահայկական քաղաքականությամբ։ Թուրքիայում հայկական ուրվական քաղաքները մատնանշում են, թե որն է Թուրքիայի պատկերացումը հայերի վերաբերյալ։ «Մենք չենք կարող և չպետք է հանդուրժենք մեկ այլ Հայոց ցեղասպանություն հենց Եվրոպայի դարպասների մոտ»,- գրում է նա։

 

Հեղինակը հույս է հայտնում, որ ապագա պատմաբանը կկարդա այս հոդվածը որպես սերտած մի դաս, այլապես բոլորին կդատի պատմությունը՝ հնագույն քաղաքակրթության վերացումը կանխելու կամքի բացակայության համար։