Ամո՛թ քեզ. հազարավոր մալթացիներ պահանջում են օֆշորային սկանդալում ներքաշված վարչապետի հրաժարականը
Ապրիլի սկզբին աշխարհը ցնցած օֆշորային սկանդալը, որում ներքաշված են աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ, սպառնում է իշխանափոխություն իրականացնել Մալթայում։
Ինչպես նշում է The Guardian-ը, մի քանի հազար մարդ բողոքի ակցիա է կազմակերպել մայրաքաղաք Վալետայի կենտրոնական հրապարակում` պահանջելով օֆշորային սկանդալում ներքաշված վարչապետի` Ջոզեֆ Մուսկատի հրաժարականը։
Բրիտանական պարբերականը նկատում է, որ պանամական Mossack Fonseca իրավաբական ընկերության գաղտնի փաստաթղթերի արտահոսքից օգտվել է Մալթայի ընդդիմությունը` ցանկանալով բաց չթողնել երկրում իշխանափոխություն անելու հնարավորությունը։
«Ամո՛թ քեզ, դու խայտառակում ես Մալթան: Դու կորցրել ես կառավարելու բարոյական իրավունքը»,- բազմահազարանոց բողոքի ակցիայի ժամանակ ասել է ընդդիմության առաջնորդ Սիմոն Բուսուտիլը:
Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի առաջին «զոհը» դարձել է Իսլանդիայի վարչապետը, ով անցյալ շաբաթ հրաժարական է ներկայացրել։ Ոչ պակաս անհարմար վիճակում է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով խոստովանել է օֆշորային հաշիվներից օգտվելու փաստը։
Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։
Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:
Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։
Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։










